Հայաստանում մտադիր են բարձրացնել մետաղական ամրանների ներմուծման մաքսատուրքը՝ տեղի արտադրողների համար առաջացած խնդիրները մեղմելու նպատակով:
Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Առաջարկվում է մետաղական ամրանների ներմուծման համար սահմանված տուրքը բազային աշխատավարձի 29-ապատիկի փոխարինեն սահմանել 55-ապատիկի չափ: Այսինքն՝ այս պահի դրությամբ ներկրման տուրքը 29 հազար դրամ է: Սակայն վերջին ժամանակներում, երբ իրանական փոխարժեքը բավականին իջել է, Իրանում ինքնարժեքը նվազել է մոտ 35 հազար դրամի կարգի: Այդ պարագայում անհավասար պայմաններ են առաջացնել ներկրողների ու արտադրողների միջև»,-ասաց Նարեկ Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ քանի որ կառավարությունը ռազմավարական ճյուղ է համարում երկաթի, մասնավորապես ամրանների արտադրությունը, ցանկանում է հավասարակշռել իրավիճակը:
Վերջին փոփոխությունների հետ կապված՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղի արտադրողները կանգնել են լուրջ խնդրի առաջ՝ կապված ներկրման հետ:
Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ներկայացրեց կառավարության առաջարկը: Կառավարությունն առաջարկում է 55 հազար դրամի փոխարեն սահմանել 45 հազար դրամ:
Նարեկ Ղահրամանյանի համար ընդունելի էին փոփոխությունները:
Փոփոխությունը կիրականացվի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:



