ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի համաձայնագիր է ստորագրել Meta կորպորացիայի հետ՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո Meta-ին պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերում նրա էջերի արգելափակման գործի վերաբերյալ։ Կորպորացիան Թրամփին կվճարի 25 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal–ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ գործը կարճելու գործարքի պայմանների համաձայն՝ 22 մլն դոլար կուղղվի նախագահի գրադարանային հիմնադրամին, մնացած գումարը կուղղվի դատական ծախսերին։ Կորպորացիան հրապարակայնորեն չի ընդունի իր մեղքը, նշվում է հրապարակման մեջ։
The New York Times-ը գրել է, որ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը վերջին մեկուկես տարվա ընթացքում փորձում է բարելավել հարաբերությունները Թրամփի հետ, որպեսզի իր կորպորացիան պաշտպանի նոր վարչակազմի հնարավոր թիրախավորումից։
Թրամփի էջերը Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում (այժմ՝ X) և YouTube-ում արգելափակվել էին 2021 թվականի սկզբին այս հարթակների կիրառման կանոնների խախտման պատճառով. նույն տարվա հուլիսին Թրամփը դատի էր տվել սոցցանցերի ղեկավարությանը: