
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»։
«Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու, իմ ըմբռնումն այսպիսին է»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ իրենք չեն կարող «մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնել, տանել տալ մեր... Մեր կնոջը լավ չի հնչում... չենք կարող տանել տալ մեր կանանց, երեխաներին ու այդպես շարունակ, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- ընդգծեց նա։
Վարչապետը պարզաբանեց՝ դատել չի նշանակում, որ պետք է պարտադիր դատավճիռ կայացնես, դատել նշանակում է նաև վերաբերվել։
Այսինքն՝ նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, ես ձեզ ավելին ասեմ՝ մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք, սկզբունքը դրված է, մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք»,- նշեց նա։
Վարչապետը հայտարարեց՝ եթե իրենց սկզբունքը բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչ վերցնելը լիներ, այդքան չէին չարչարվի, այդքան օրենքի նախագիծ, նոր օրենք, նոր դատարան չէին նախաձեռնի։
«Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա կլինի պետության կորուստ, բայց, մյուս կողմից էլ, մենք հետևողական ենք, մարդկանց առաջ պարտավորություն ենք ստանձնել»,- նշեց նա։