Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանութ...

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական եւ վարութային ակտիվ գործողություններ՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի ուշ երեկոյան Երեւան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի եւ 25-ամյա երիտասարդի միջեւ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: