Մերձավոր Արևելքում խաղաղությունն առանց Իրանի...

Իրան-Իսրայել հակամարտությունը առանց Իրանի քաղաքական ներգրավվածության հնարավոր չէ լուծել։ Այս կարծիքը հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

«Մեզ անհրաժեշտ է բանակցային լուծում, քանի որ Մերձավոր Արևելքում առանց Իրանի քաղաքական մասնակցության խաղաղություն չի լինի՝ ո՛չ կարճաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում», - Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է նախարարը։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է հակամարտության կարգավորման գործում Եվրոպայի մասնակցության անհրաժեշտությունը, քանի որ բանակցային գործընթացի բոլոր կողմերը, այդ թվում՝ Իրանը, «մեծ վստահություն ունեն Եվրոպայի նկատմամբ»։

Ուրբաթ՝ հունիսի 20-ին, ԵՄ-ն արդեն բանակցություններ է վարել Ժնևում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, որը դաշինքի անդամ չէ, արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Այս բանակցություններից հետո միակ հայտարարությունը «բանակցությունները շարունակելու» պատրաստակամության արտահայտությունն էր։ Սա չխանգարեց ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա։