Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երկրորդ ա...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Նիմից» ատոմային ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։

Ավիակիրը և երեք ուղեկցող հրթիռային էսկադրային ականակիրները մտել են Արաբական ծով։ Այնտեղ, Օմանի ափերի մոտ, նավարկում է ավիակիր հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի, հրթիռային հածանավի և երկու էսկադրային ականակրի կազմում։

Բացի այդ, տարածաշրջանում է գտնվում «Ջորջա» ատոմային սուզանավը, որը կարող է կրել 154 Tomahawk թևավոր հրթիռ՝ 1600 կմ հեռահարությամբ։

Հունիսի 13-ին իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան հարվածներից հետո կողմերը 12 օր ռազմական գործողություններ էին իրականացնում: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 23-ին Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային Կատարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ին հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ: