Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դատապարտել է Իրանում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը՝ դա որակելով «թուլության նշան»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ես Իրանի ղեկավարությանը կոչ եմ անում ժողովրդին սպառնալու փոխարեն պաշտպանել նրանց: Մենք խստագույնս դատապարտում ենք այն բռնությունը, որը Թեհրանում ղեկավարությունն ուղղում է իր սեփական ժողովրդի դեմ: Այս բռնությունը ոչ թե ուժի նշան է, այլ թուլության: Այս բռնությունը պետք է դադարի», - ասել է նա Ահմադաբադում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մերցը հավելել է, որ ցուցարարներն ակցիաներ են անցկացնում ազատության և ավելի լավ կյանք ունենալու համար:
«Այս մարդիկ արժանի են խորին հարգանքի՝ Իրանի անվտանգության ուժերի անհամաչափ, դաժան բռնությանը դիմադրելու իրենց քաջության համար», - հավելել է Գերմանիայի կանցլերը:
Իրանում ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհերի թիվը գերազանցել է 540-ը: Նրանց թվում շուրջ 50-ն իրավապահներ են: Ավելի քան 10 000 մարդ ձերբակալվել է: Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել:
Իր հերթին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկրում իրադրությունը վերահսկողության տակ է: Նա նշել է, որ ցույցերը հրահրվել են օտարերկրյա տարրերի կողմից, և խոստացել, որ պատասխանատուներին «կհետապնդեն»:



