Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել գերմանական զորքերի մասնակցությունն Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին, բայց պայմանով, որ նրանք ծառայեն այդ երկրից դուրս: Հունվարի 6-ին Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո արված նրա հայտարարությունից հետևում է, որ Մերցի համար ընդունելի է գերմանացի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի երկրներից մեկում:
Բունդեսվերի տանկային բրիգադը տեղակայված է Լիտվայում 2025 թվականից: Մինչև 2027 թվականը դրանում զինծառայողների թիվը նախատեսվում է հասցնել 5000-ի: Բացի այդ, Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մասնակցում են Լեհաստանի, Ռումինիայի և Բալթյան երկրների օդային տարածքի պարեկություններին:
Մերցն ընդգծել է, որ Գերմանիան Ուկրաինայում իր ներդրումը կունենա քաղաքական, ֆինանսական և ռազմական առումներով, միաժամանակ նշել է, որ Բունդեսվերի զինվորների մասնակցությունն Ուկրաինայում միջազգային խաղաղապահ առաքելությանը ներկայումս անորոշ հեռանկար է: Գերմանիայի կառավարության ղեկավարը բացատրել է, որ դրա հիմնական նախադրյալը Ռուսաստանի հետ հրադադարի մասին համաձայնությունն է:



