Ըստ էության, այս պրոցեսը, որում մենք հերթական քայլն ենք անում, մեծ հաշվով, կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթաց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը եւս 17 արժեքներով համալրելու նախաձեռնությանը:
«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված: Մեր իրականության մեջ առանցքային նմանատիպ պատմություն կա: Ինչո՞ւ է մեր իրականության մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում. մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով:
Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա ունենք ու պարտավոր ենք այս մշակութային քաղաքականության էությունն իրականացնել: Եվ եթե մեզ թվում է, որ մենք այսօր չունենք այսպիսի ոչ նյութական արժեքների կորսվելու հավանակություն, ապա չարաչար սխալվում ենք: Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքնորն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն: