Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Սեպտեմբերի 28-ին դատարանը որոշում է կայացնում, որ Օլիմպավանի կապարակնքումն ապօրինի է, այսինքն՝ քննչինները ապօրինի գործողություններ են իրականացրել՝ փակելով Օլիմպավանը։ Իսկ ցանկացած մինչդատական ակտ ենթակա է կատարման, այն էլ՝ անհապաղ։
Բայց ի՞նչ է անում Քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեն պարզապես չի կատարում դատարանի որոշումը։
Հարցում եմ ուղարկում Քննչական կոմիտե՝ պարզելու, թե որն է իրենց գործողության իրավական հիմքը, և ինչո՞ւ չեն կատարում դատարանի որոշումը։
Հիմա պատասխանում եմ։
Հարգելի՛ իրավաբաններ, նստեք, որ չընկեք։
Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ դատարանի որոշումն ուղարկել է հսկող դատախազին՝ բողոքարկման հարցը քննարկելու նպատակով։
Պատկերացնո՞ւմ եք իրավական կատարյալ անհեթեթություն։ Սա նույնն է, որ, օրինակ, շարքային քաղաքացու խափանման միջոցը փոխվի, դատավորը որոշում կայացնի կալանքի մասին, բայց քաղաքացին ասի՝ «Էլի մի րոպե, փաստաբանս բողոքարկում է, մինչև հարցը չլուծվի, որոշումը չլինի բողոքարկված, ես քրեակատարողական հիմնարկ չեմ գալիս»։
Ի՞նչ կանի այդ դեպքումմեր ուժային իրավապահ համակարգը․ քանի՞ վայրկյան հետո քաղաքացուն կփռվի ասֆալտին ու կտանի խուց։
Բայց մեր Քննչական կոմիտեն՝ կառույց, որը պարտավոր է պաշտպանել ու պահպանել օրենքը, դատարանի որոշումը դնում է թղթապանակի մեջ, ուղարկում դատախազություն, իսկ տնտեսվարողին ու մարդկանց, ովքեր ամիսներով մնացել են առանց աշխատանքի, ասում է՝ դուք դեռ սպասեք, մենք որոշում կկայացնենք, կտեղեկացնենք։
Սիրելի՛ հայրենակիցներ, դատարանի որոշումը չկատարելը հանցագործություն է։ Այն քննիչները, ովքեր չեն կատարում դատարանի որոշումը, հենց այս պահին հանցագործություն են իրականացնում։
Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, սպասում եմ պատասխանին, իսկ մինչ այդ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Անգամ ամենաուժեղ բռնապետերը հավերժ չեն իշխել։ Յուրաքանչյուրն իր իրականացրած ապօրինությունների համար վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու արդարադատության առաջ»։



