Մեր տարածաշրջաններն անցնում են մարտահրավերներ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և անկեղծ բարեմաղթանքներս Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն բարեկամության և համագործակցության` ժամանակի փորձություններով անցած հարուստ պատմություն, որոնք բնորոշվում են քաղաքակրթական ընդհանրություններով, մշակութային կապերով, ինչպես նաև փոխադարձ աջակցության ավանդույթներով:

Մեր տարածաշրջանները ներկայումս անցնում են մարտահրավերների և դժվարությունների լրջագույն շրջան, և ես լիահույս եմ, որ պետությունների խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը կշարունակեն հանդիսանալ միջազգային հարաբերությունների հիմնասյունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էլ ավելի խորացնել հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու ընդլայնել փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերում։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»: