Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական-տեղեկատվական պորտալի 2023-ին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների՝ Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Երևան քաղաքն իր հերթին 416 քաղաքներից ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է:
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են ՆԳՆ-ում՝ ներկայացնելով նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։
Վարչապետը գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից և նշել. «Իհարկե, այս տվյալները շատ լավն են, այս փուլի համար մենք գոհ ենք, բայց հույս ունեմ, որ միջազգային իմիջի առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ենք դնում մեր առաջ։ Այսինքն` եթե մենք այսօր, ցավոք, առայժմ միայն ներքին անվտանգության իմաստով այս կազմակերպության տեսակետից 7-րդն ենք, դա նշանակում է, որ խնդիր պետք է դնենք ավելի առաջ գնալ, և մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը: Եվ նույնն էլ մայրաքաղաք Երևանը:
Զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթները ձևավորելիս այսպիսի բաներին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Պետք է միշտ մատը զարկերակի վրա պահել, որտեղ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում՝ խորանանք, հասկանանք՝ ի՞նչն է պատճառը: Իհարկե, առաջին հերթին այս պրոցեսը կապված է Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքի հետ: Այսինքն՝ սա ամենակարևորն է: Մենք ամեն տարի այս ուղենիշը պետք է ունենանք մեր Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքը գնահատելիս»,- ասել է Փաշինյանը: