Մեր կարևոր խնդիրներից է, որ փախստական դարձած...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամքի կարիք ունի, որովհետև հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի։ 

Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը այո, հաստատված է, բայց այն ամենօրյա խնամքի կարիք ունի, հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի, այնպես ինչպես բոլորիս աչքի առաջ օրերի ընթացքում պատերազմի հորձանուտ են մտնում տասնամյակներով կայուն տարածաշրջաններ։ Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն, նրանց սին հույսեր տալով։

Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել  4886  ընտանիքներ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։

«Մեզ քննադատում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու երբ։ Ընդհակառակը, խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ կարող է դարձնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։