Մեր երկրները ընդլայնում են համագործակցության...

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Բարիևիչի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից:

ԲԴԽ նախագահը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամությունը, որն ըստ նախագահի՝ ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն ու ապագայի հուսալի գրավականն է։

«Մեր երկրները շարունակաբար ընդլայնում են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում և հատկապես մեր պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում:

Այս առումով ուրախ եմ փաստել մեր երկրների միջև իրավական համագործակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը, որոնք արդյունավետ համագործակցության գրավականն են»,- իր խոսքում նշել է Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև վստահեցրել, որ պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի ամրապնդվի և նոր, առավել բարձր մակարդակի հասնի երկու երկրների միջև համագործակցությունը՝ հատկապես դատական ոլորտում։

Դեսպան Բոլատ Բարիևիչը շնորհավորել է ԲԴԽ նորընտիր նախագահին և ուրախությամբ հայտնել Ղազախստանի իրավական ոլորտում կատարված մի շարք առանցքային բարեփոխումների մասին, հատկապես կարևորելով ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կատարված քայլերը։

Ղազախստանի դեսպանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են հատկապես մարդու իրավունքների, ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հիմնախնդիրները, և ընդգծել է, որ առավել մեծ ներուժով են ձեռնարկվում դրանց դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Ընդգծել է նաև երկրում մահապատիժը վերացնելու հանգամանքը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրեր առաջ Երևանում կայացած ԱՊՀ երկրների գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, արձանագրվել են դրական ձեռքբերումները, որոնք կարևոր նախադրյալ են հետագա համագործակցության ամրապնդման համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների ակտիվ համագործակցությունը և հույս հայտնել, որ դա երկու պետությունների միջև կլինի շարունակական։