Մեր ավտոերթն ուղղված է լինելու միասնությանը և...

Այսօր Politik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշել է, որ «Սասնա Ծռեր» կուսակցության՝ մայսիսի 25-ին Արցախ կայանալիք ավտոերթը կարող է ցնցումների պատճառ դառնալ: «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը, Politik.am-ին ասաց, որ իրենց ողջ ավտոերթն ու Արցախում անցկացվելիք 3 օրերն ուղղված են Արցախը Հայաստանի մաս ճանաչելու համար հայ ժողովրդին արթնացնելուն:

«Մենք որևէ կասկած չունենք, որ մեր ավտոերթը որևէ խոչընդոտի կարող է հանդիպել, վստահ ենք, որ նախկին ռեժիմի «մնացուկները» Արցախում նման ռեսուրս չունեն, որ կրկնեն 2015 թվականի բերձորյան դեպքերը: Մեր երթն ուղղված է լինելու միասնությանը»,-նշեց Ավագյանը:

Ըստ  Վահագն Ավագյանի՝ Արցախի բարձրագույն իշխանություն ասվածը երևանյան նախկին ռեժիմի մնացորդներն են.«Մենք անցած տարի Հայաստանը մաքրեցինք այդ մնացորդներից, բայց մոռանում ենք, որ Արցախի մարզում նույն տիպի մարդիկ են, որոնք ամեն օր ժողովրդին կեղեքում են, փորձում են պահել վախի մթնոլորտում: Նաև՝ փորձում են հետ պահել «Սասնա Ծռեր»-ի հետ հանդիպումներից»:

Ավագյանի խոսքով՝ արցախյան նախագահական ընտրությունները նպատակ ունեն վերարտադրել «նախկին ռեժիմի մնացորդներին»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ օրերս կատարած գրառմանը, թե ըստ մամուլի որոշ հրապարակումների, Արցախում փորձում են հակահեղափոխական օջախներ ստեղծել, «Սասնա Ծռեր»-ի մամուլի քարտուղարը նշեց.«Վարչապետը հեծանիվ չի հորինել՝ ասելով, թե Արցախում հակահեղափոխական օջախներ կան: Մենք էլ բազմիցս ենք նշել, որ Հայաստանում կայացած փոփոխությունները պետք է հնարավորինս շուտ Արցախ հասցնել, որպեսզի այնտեղ ժողովրդավարական պրոցեսներ տեղի ունենան»:

Ավագյանը հիշեց նաև Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա Ծռեր»-ին ուղղված հայտարարությունը, թե Արցախ մարզ համարողները պետք է այնտեղ ոտք չդնեն («Սասնա Ծռեր» կուսակցությունը Արցախը համարում է Հայաստանի մարզերից մեկը. խմբ).«Նման հակասահմանադրական  հայտարարություններ անողով պետք է զբաղվի տվյալ երկրի իրավապահ համակարգը»:

Ավագյանի կարծիքով՝ իշխանությունների չարձագանքելու պատճառով է, որ Բալասանյանը լեզվակռվի մակարդակով հանրայնորեն վիրավորում է Հայաստանի իշխանություններին (Ավագյանը հիշեցնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ կապված միջադեպը).«Անթույլատրելի է, որ Հայաստանի մարզերից մեկի ղեկավարը նման բան ասի»: