«Սասնա ծռեր» կուսակցությունը մայիսի 25-ին պատրաստվում է ավտոերթ իրականացնել դեպի Արցախ: Նշենք, որ կուսակցությունը Արցախ է համարում է Հայաստանի մարզ: Այս մասին օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել քաղաքագետ Ստեփեան Դանիելյանը՝ նշելով, որ «եթե Արցախի իշխանությունները թույլ տան, որ նման դեստրուկտիվ պահանջներով երթ սկսվի դեպի Արցախ, ապա պատասխանատու կլինեն իրենց թուլության համար, որի պատճառով պատերազմական տարածքը ցնցումների կենթարկվի»:
Այդուհետ, սակայն, գրառումը հեռացվել էր քաղաքագետի ֆեյսբուքյան էջից: Politik.am-ի հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ կոնկրետ պատճառ չկար գրառումը հեռացնելու համար՝ ասելով, որ այն, միևնույն է, տարածել են բազմաթիվ լրատվականներ:
Քաղաքագետը ընդգծեց՝ ավտոերթի արդյունքում Արցախում ոչ թե ոչ թե հստակ կլինեն ցնցումներ, այլ կա դրանց հնարավորությունը: Քաղաքագետի հետ զրուցեցինք նաև Հայաստան-Արցախ հարաբերությունների և արցախյան գալիք նախագահական ընտրությունների մասին:
Դանիելյանի կարծիքով՝ Արցախում դեռևս պատրաստ չեն 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին.«Արցախը գտնվում է պատերազմական գոտում, կան բազմաթիվ սոցիալական դժգոհություններ, որոնք ընտրությունների ժամանակ կարող են ավելի թեժանալ, իսկ դա իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում: Իսկ ընտրությունների մրցավազքը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ: Նաև՝ նախորդ տարիներին արցախյան ընտրություններում կարևոր դերակատարում է ունեցել պաշտոնական Երևանի տեսակետը, և դա որոշակի կոմպրոմիսների է բերել: Հիմա այդ տեսակետը չի հնչում: Բայց հարկ է նշել, որ ես նկատի չունեմ, որ երևանը ինչ-որ կերպ պետք է միջամտի արցախյան ընտրություններին՝ հաշվի առնելով, որ բևեռացում է գնում, շատ դժգոհություններ կան սոցիալական անարդարության հողի վրա, ընդգծված լիդերներ դեռ չկան»:
Ըստ քաղաքագետի՝ այդ սոցիալական դժգոհությունները կարող են բերել որոշակի անցանկալի զարգացումների.«Լավագայուն տարբերակն այն կլինի, եթե Արցախի հասարակությունը կարողանա գալ կոմպրոմիսի որևէ անձի շուրջ, մարդը շատ հստակ սոցիալական ծրագրեր առաջարկի հասարակությանը՝ պահանջները բավարարելու համար: Մյուս տարբերակը, որն այդքան էլ ցանկալի չէ, Հայաստանի որոշակի միջամտությունն է և կրքերի հանգստացումը, որովհետև այնտեղ կրքերը գնալով թեժանում են՝ հաշվի առնելով նաև տեղական առանձնահատկությունները՝ թշնամանքը շատ երկար են հիշում, այդ լարվածությունների պատճառով կարող են նաև լքել Արցախը: Սա ասում եմ ոչ թե ես, այլ մարդիկ, որոնց հետ ես շփվել, զրուցել եմ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կատարված գրառմանը, թե «մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ», Ստեփան Դանիելյանը նշում է, որ շատ տխուր է, երբ վարչապետը մամուլից է տեղեկանում, թե ինչ է կատարվում Արցախում:
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են կարծիքները, որ վարչապետի այս գրառումը փորձ էր միջամտելու Արցախի ներքին քաղաքական կյանքին, Դանիելյանը նշում է.«Ինձ համար անհասկանալի է միմյանց ներքին գործերին խառնվելու ձևակերպումը: Միջազգային որոշակի իրավիճակի պատճառով հայատարարվում է, որ Արցախն ու Հայաստանը տարբեր երկրներ են, տարբեր քաղաքական միավորներ են, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա ունի ժամանակավոր բնույթ: Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգության ամենակարևոր բաղադրիչն է, և հակառակը: Այստեղ խոսել ներքին գործերին խառնվելու մասին այդքան էլ լուրջ չէ: Քաղաքական պրոցեսներ են գնում Հայաստանում և Արցախում, և դրանք միմյանց հետ փոխկապակցված են»:



