
Որ գիշերներն ատոմակայանի աշխատանքի արդյունքում ավելցուկ ենք ունենում, ի՞նչ կարգի պետական ծրագրեր, նախագծեր ունենք, որպեսզի կարողանանք այդ ավելցուկն օգտագործել` մրցունակ արտադրություն, ապրանքներ, կազմակերպություններ ունենալու, ստեղծելու, ճանապարհ բացելու համար: Այս մասին ԱԺ նիստում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանից հետաքրքվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Պատգամավորը հաջորդիվ հետաքրքրվեց. «Երբ ասում եք շուկայից որ ձեռք են բերում, գինն ավելի բարձր է, քան երբ պետությունը պարտավորություն է վերցնում, մեր ատոմակայանն ամենամեծ արտադրողն է, ինչի՞ ինքը շուկա չի մտնում: Դուք բարձր ասելով` ի՞նչ եք ուզում ասել, բարձր ասելով` նշանակում է՝ մենք քանդում ենք ամբողջ տնտեսությունը, ոչ մրցունակ ենք դարձնում, բարձր գնահատականը ճիշտ տվեք, որ մենք հասկանանք՝ որ բարձրի մասին է խոսքը, արդյոք այդ բարձր լինելով` մենք մրցունա՞կ ենք, թե՞ մրցունակ չենք»:
Մեսրոպյանը պատասխանեց. «Ատոմակայանն իր արտադրանքը շուկայական իրականության մեջ վաճառում է կարգավորող սակագներով՝ ուղիղ պայմանագրերի հատվածում, ատոմակայանին շուկայի կանոններով տրված է իրավունք, որ իր էլ. էներգիայի 5-10 տոկոսը վաճառի նաև մրցակցային հատվածում: Չենք կարող ամբողջությամբ ատոմակայանը հանել ազատ շուկա և ինքը փորձի ավելի թանկ գնով էլ.էներգիան վաճառել և սպառողը ստիպված լինի ավելի թանկ սակագնի տակ ընկնել»:
Սուքիասյանն էլ արձագանքեց. «Պետք է այնպես չլինի, որ գինը բարձրանա, պետք է լինի այնպես, որ շատերն օգտվեն և պետք է հիմիկվանից մտածենք, մարտկոցներ ունենանք՝ գիշերային ժամերին էներգիա վերցնեն, ցերեկային ժամերին բաց թողնեն»: