
Նախադպրոցական կրթության ոլորտում 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ հասնելով մոտ 75 տոկոսի։
Այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
«Մեր ամենակարևոր ցուցանիշներից մեկը նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճն է։ 2017 թվականի համեմատ շուրջ 20 տոկոսով ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկված նախադպրոցական կրթության մեջ»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ սա դրական ազդեցություն ունի երեխաների զարգացման վրա։
Նա նաև ընդգծեց, որ նախարարությունը սեպտեմբերից մեկնարկելու է նոր ծրագիր՝ նախատեսված 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների համար։