Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նամակ է ուղարկել Google ընկերությանը՝ վիճարկելով տեխնոլոգիական հսկայի որոշումը՝ կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը և Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց: Այս մասին գրում է CNN-ը:
Նախագահ Շեյնբաումը լրագրողներին ցույց է տվել նամակը՝ ասելով, որ «եթե երկիրը ցանկանում է ծովում փոխել ինչ-որ բանի անվանումը, ապա դա հնարավոր է միայն այդ երկրի ափից մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա և չի կարող վերաբերել ջրային տարածքի մնացած հատվածին, տվյալ դեպքում՝ Մեքսիկական ծոցին»։
«Սա այն է, ինչ մենք մանրամասն բացատրել ենք Google-ին», - նշել է նախագահը։
Երկուշաբթի Google-ը հայտարարել էր, որ Google Maps-ի օգտատերերն ԱՄՆ-ում Մեքսիկական ծոցն այսուհետ կտեսնեն որպես Ամերիկայի ծոց: Google-ի փոխանցմամբ՝ իր քայլը համահունչ է «անվան փոփոխությունները կիրառելու պրակտիկային, երբ այդ փոփոխությունները թարմացվել են կառավարության պաշտոնական աղբյուրներում»:
Մինչդեռ Մեքսիկայի տարածքում օգտատերերը կշարունակեն տեսնել «Մեքսիկական ծոց» անվանումը Google Maps-ում: Մնացած աշխարհը կտեսնի երկու անվանումները:
Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին: Նրա խոսքով՝ Մեքսիկական ծոցն ամենամեծն է աշխարհում և շարունակում է առանցքային դեր խաղալ ԱՄՆ-ի տնտեսական կյանքում։ Թրամփը շեշտել է, որ նոր անվանման միջոցով հարգում է այս կարևոր տնտեսական ռեսուրսը և դրա կարևորությունը Միացյալ Նահանգների տնտեսության համար: