Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում և մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որպեսզի չքննարկված հարցեր չմնան: Քանի որ պրոցեսը ստատիկ չէ, այնպես չի լինելու, որ տեքստը հրապարակվեց և վերջ։ Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` անդրադառնալով նոր Սահմանադրությանը:
«Մենք տեքստ կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, այսինքն՝ կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ: Սա դինամիկ գործընթաց է, հրապարակումը չի նշանակելու, որ աշխատանքներն այդ կետում ավարտվում են, նշանակում է հակառակը՝ աշխատանքները նոր տեմպով շարունակվելու են»,-նշել է նա։
Գալյանը հավելել է, որ բոլոր հարցերը քննարկվում են խորհրդում, կան շատ տարբեր կարծիքներ, որոնք պարտավոր են լսել, բայց թե վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, ըստ նրա, կմնա և նորմալ է, որ մնա Կառավարության հայեցողությանը, որից հետո որոշողը կլինի ՀՀ քաղաքացին:
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենք, իրենց թիմը կողմ են, որ Սահմանադրության մեջ անդրադարձ չլինի Անկախության հռչակագրին, չի՞ ազդում խորհրդի կարծիքի վրա, Արդարադատության նախարարը նշեց.
«Թող չազդվեն: Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում, խորհրդի անդամները խորհրդի անդամներն են, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, այդ թվում՝ հրապարակայնորեն»,-ասաց նա:
Հարցին՝ այն հեղափոխական որևէ փոփոխություն ներառու՞մ է, Գալյանը պատասխանեց՝ նայած դուք ինչն եք համարում հեղափոխական փոփոխություն:
«Եթե, օրինակ, կառավարման կարգի փոփոխությունն է ընկալվում որպես հեղափոխական, կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում, որովհետև պառլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումն է մեր ընկալմամբ»։



