«Մենք շատ ուժեր ունենք տարածաշրջանում»․ Վենսը...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զգալի ուժեր են կենտրոնացվել։ Այս մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահը շատ խաղաքարտեր ունի, որոնք կարող է խաղարկել։ Ես չեմ ասի, թե նա հատկապես ինչպես կվարվի, բայց մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ունենք մի քանի տարբերակ։ Մենք շատ ուժեր ունենք տարածաշրջանում», - ասել է նա՝ խոսելով Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին։

Ըստ փոխնախագահի՝ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը «պարզապես ցանկանում է համոզվել», որ ԱՄՆ-ն ունի «անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատասխան տա Իրանին, եթե նա ինչ-որ հիմար բան անի»։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, ներառյալ նավեր։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը «կնախընտրեր, որ ոչինչ չպատահեր»: