Չինաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել ավելի խորը համագործակցություն հաստատել համաշխարհային հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայում պատերազմը և առևտուրը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Ֆրանսիայի առաջնորդը ձգտում է ներգրավել Պեկինին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործում՝ Ուկրաինայի հետ հրադադարի համար։
«Մենք պետք է շարունակենք աշխատել աշխարհում, Ուկրաինայում և պատերազմից տուժած այլ տարածաշրջաններում խաղաղության և կայունության համար», - ասել է Մակրոնը Սի Ծինփինին։
Նա հավելել է, որ երկու երկրների՝ համատեղ աշխատելու կարողությունը վճռորոշ կարող է լինել։
«Մենք բախվում ենք տասնամյակներ շարունակ աշխարհին խաղաղություն բերած միջազգային կարգի փլուզման վտանգին, և այս համատեքստում Չինաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ», - նշել է Մակրոնը։
«Ես հույս ունեմ, որ Չինաստանը կմիանա մեր կոչին, մեր ջանքերին՝ հնարավորինս շուտ հասնելու հրադադարի գոնե կարևորագույն ենթակառուցվածքներին ուղղված հարվածների մորատորիումի տեսքով», - հավելել է նա։
Իր հերթին, Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Պեկինն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին:
«Չինաստանն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - ասել է նա։
Սի Ծինփինը կոչ է արել Ֆրանսիայի հետ ավելի մեծ քաղաքական վստահություն կառուցել՝ միմյանց աջակցություն ցուցաբերելով և միաժամանակ ցուցադրելով յուրաքանչյուր կողմի «անկախությունը»։
«Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում արտաքին միջավայրը, երկու կողմերն էլ՝ որպես խոշոր տերություններ, միշտ պետք է ցուցադրեն անկախություն և ռազմավարական տեսլական, ցուցաբերեն փոխըմբռնում և փոխադարձ աջակցություն միմյանց նկատմամբ հիմնական և կարևորագույն հարցերի շուրջ», - ասել է նա։
Մակրոնը, որը հաջորդ տարի հյուրընկալելու է Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովը, կոչ է արել Պեկինին համագործակցել խմբի հետ՝ «ավելի հավասարակշռված, ավելի արդար» կանոնների վրա հիմնված տնտեսական կառավարման համար։
Եռօրյա պետական այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 4-ի առավոտյան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է առևտրի և դիվանագիտության վերաբերյալ հարցեր։ Այցի շրջանակում ստորագրվել է 12 համաձայնագիր։
Դեկտեմբերի 5-ին Մակրոնը մեկնել է Չինաստանի հարավ-արևմտյան Չենդու քաղաք։ Սի Ծինփինն ուղեկցել է նրան։



