
ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցեր ուղղեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին։
«Վերջին 7 տարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ինչ կարգի համակարգ ունենք և ինչպիսին էր մինչև 2018-ը։ Դուք 15 տարուց ավելի աշխատում եք։ Կուզենամ մեր երիտասարդ գործընկերներին բացատրեք՝ տարբերությունը որն է, ինչ ձևով են վարվել մարդկանց հետ, դատարաններն ինչ ձևով են որոշումներ կայացրել, և այսօր ինչպես են կայացվում»,- հարցրեց Սուքիասյանը։
Վերջինս անդրադարձավ նաև դատական վեճերի ձգձգմանը: «Մենք պետք է 1 դոլար ավել բյուջե բերելու տրամաբանությամբ շարժվենք։ Բայց շատ դեպքերում դատավորները ամիսներով, տարիներով ձգձգում են։ Միտում կա ձգձգելու, որովհետև այս կամ այն կողմն ուզում է այդպես լինի։ Իսկ այդ ընթացքում անշարժ գույքը չի օգտագործվում, հարկ չի գեներացվում։ Այս գիտակցումը կուզեմ, որ դատավորների մոտ էլ լինի»,- ասաց պատգամավորը։
Արմեն Դանիելյանը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնելուց՝ նշելով. «տեսանելի է այն, ինչ տեսնում ենք»։