Մենք պատերազմ չէինք հայտարարել եւ առաջին օրվա...

Մենք պատերազմ չէինք հայտարարել եւ առաջին օրվանից էլ վիճակը պատերազմական չի եղել, որովհետեւ պատերազմը դեռ չէր մեկնարկել։ Նրանք հարձակվեցին, մենք էլ օրինական մեր պատասխանը տվեցինք։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իսրայել–Իրան 12–օրյա հակամարտությանը։

«Առաջին իսկ օրվանից, երբ սկսեցին իրենց հարձակումները, Իրանում ոչ մի ոլորտ, անգամ ծառայության ոլորտի աշխատանքները չեն խափանվել։ Չնայած նրան, որ սիոնիստական թշնամին գտնվում էին թաքստոցներում, մեր խորհրդարանն ու կառավարությունն իր աշխատանքներն էր շարունակում, նիստերը կայանում էին բնականոն հունով։ Անգամ մեր էկոնոմիկայի նախարարը խորհրդարան էր ներկայացել  վստահության քվե ստանալու համար։

Մեր ունեցած վերջնական տվյալներով 935 մարդ նահատակվել է։ Նրանց 90 տոկոսը սովորական քաղաքացիներ են՝ կանայք, երեխաներ, բժիշկներ, մարզիկներ։ Այն, որ սիոնիստական ռեժիմն ասում է, որ Իրանում սովորական քաղաքացիները չեն թիրախավորվել,  նրանց կողմից 100%–անոց սուտ է»,–ասաց նա։
Դեսպանը հավելեց, որ Իրանի ԱԳՆ–ում ձևավորվել է իրավաբանական մի թիմ, որը գնահատում է այն վնասները, որոնք կրել է Իրանը. «Նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ագրեսորին դատապարտի և պահանջի վնասների փոխհատուցում, որ Իրանը կրել է։

Ամբողջ աշխարհն անակնկալի է եկել, որ Իրանի ժողովուրդը ճգնաժամերի ու հարձակումների ժամանակ այսպես համախմբվում է։ Ես խորհուրդ կտամ ագրեսորին եւս մեկ անգամ ուսումնասիրել Իրանի պատմությունը»,– ընդգծեց դեսպանը։