Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4–ը ավարտենք, այս խիտ ռեժիմով աշխատանքը, լարված աշխատանքը, հենց դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչև հուլիսի 4–ը պետք է որոշումը հրապարակենք, դա վերջնաժամկետն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 30–ին, ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությանը։
Նա ընդգծեց, որ ՍԴ–ն նաև փակ նիստ է ունենալու, որտեղ գաղտնի փաստաթղթեր են ուսումնասիրելու. ««Միայն այդ գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, դրահամար այս դատավարության մի հատվածը, մի փուլը փակ դռների ետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները, վերջ»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցից հետո դիմողները հայտարարեցին, որ քաղաքական հայտարարություններ են հնչում բարձր դատարանից, Արման Դիլանյանն ասաց. «Ես արդեն իմ գնահատականը տվեցի նիստի ժամանակ, եթե հիշում եք։ Ես ասացի, որ դատավորն ի պաշտոնե գործի հանգամանքները պարզելու պարտականություն ունի և լիազորություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, և դա նշանակում է, որ դատավորը ավելի ակտիվ մասնակցություն է ունենում պրոցեսում։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։



