Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքակ...

Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերություննեը հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարի դրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում: «Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը, որոնք և՛ ամրապնդում են վստահությունը, և՛ հնարավորություն են տալիս պարզաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է փաստաթղթերի ստորագրում՝ կապված դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների Հայաստան և Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հետ կապված, Վարդանյանն ասաց. «Մենք ավելի լայն օրակարգ ունենք: Մենք մշտապես խոսում ենք և շարունակելու ենք խոսել Հայատսան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ, բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դրանից հետո ավելի ակտիվ հնարավորություններ ընձեռելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին առևտրային տնտեսական և այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հետ»: