ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և դրանց շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել։ ՌԴ նախագահը նաև նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր փաստաթղթերին։ Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյո՞ք սա չի հակասում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին ավելի վաղ արված հայտարարությանը։
«Մեր դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2021 թվականին և 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ և ագրեսիա։ Ընդ որում, ագրեսիա է եղել այն բանից հետո, երբ այդ հարցը քննարկել ենք դաշնակիցների հետ և տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ։ Եվ այդ ժամանակ մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ Հայաստանի Հանրապետության սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Երբ ոտնձգությունը տեղի ունեցավ, մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, այն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատվել է, որից հետո իրենք ասել են, որ գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ։ Այստեղ էլ մենք ասել ենք՝ բա այս դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, ցույց տվեք Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Իրենք դա մեզ ցույց չեն տվել։ Եվ իմ արձագանքը` հրապարակային ասել եմ, որ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի և այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի։ Եվ դա է եղել պատճառը, որ 2022 թվականի աշնանը ես հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։ Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ընդհանրապես կապ չունի։ Մենք ՀԱՊԿ-ի հետ այս մասնակցությունը սառեցրելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- ընդգծել է Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է փաստաթղթերին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը սառեցրել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չի մասնակցում ո՛չ փաստաթղթի մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ առաջարկ է տալիս, ոչ էլ առաջարկի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում։
«Մենք պարզապես վետո չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, դա էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ։ Բայց էլի եմ ասում, այդ թվում այս իրադարձությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասեմ անհնար է դարձնում, Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ, որ այստեղ անդառնալիության կետը անցել ենք»,- եզրափակել է Փաշինյանը։