Մենք մեթոդաբանական փոփոխություն ենք արել, և մասնավորապես, բնակարանային գողությունների դեպքում, հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտման վրա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Մենք տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը։ Մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել, և երկրորդ արդեն իսկ իրականացված դեպքերի մասով բացահայտման տոկոսը ապահովել»։
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ավտոմեքենաներից կատարված գողությունների մասով բացահայտման ցուցանիշը շուրջ 30% է կազմում. «Սա ես գնահատում եմ դեռևս ոչ բավարար, այս մասով ունենք աշխատանք տանելու, բայց 16 խմբի և նաև շորթում կատարող 4 խմբի բացահայտումը էական փոփոխություն կբերի»,– ընդգծեց Արփինե Սարգսյանը։



