Մենք կմնանք եվրոպական ջանքերի մաս՝ աջակցելու...

Ռումինիան պատրաստ է ավելացնել իր պաշտպանական ծախսերը և ՆԱՏՕ-ի նոր նպատակներին հասնել նույնիսկ սեփական ռեկորդային բյուջետային դեֆիցիտի կրճատման պայմաններում։ Այս մասին հայտնել է երկրի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Ռումինիան ցանկանում է իրագործել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը և ավելացնել պաշտպանական ծախսերը՝ դրանք հասցնելով ՀՆԱ-ի 3,5%-ի, ինչպես նաև 1,5% հատկացնել ենթակառուցվածքներին և կիբերանվտանգությանը։

«Այո, ես դրան աջակցում եմ, - ասել է Դանը՝ նշելով, որ պաշտպանական ծախսերի ավելացման ժամկետները դեռ պետք է քննարկել ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների հետ։ 

Նիկուշոր Դանը նաև խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին։

«Մենք կմնանք եվրոպական ջանքերի մաս՝ աջակցելու Ուկրաինային ձեռք բերել ավելի խելամիտ խաղաղություն։ Դա նշանակում է, որ մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել Ուկրաինային և կմասնակցենք եվրոպական ջանքերին, որ նա իր անվտանգությունն իր սեփական ձեռքը վերցնի», - ասել է նորընտիր նախագահը։

Ըստ g4media.ro լրատվական հարթակի՝ 2024 թվականին Ռումինիայում գրանցվել է Եվրամիությունում ամենաբարձր բյուջետային դեֆիցիտը` 9.3%։ Ռումինիան մշակել է հարկային կոնսոլիդացիայի պլան դեֆիցիտի կրճատման համար՝ այն նախորդ տարվա 9.3%-ից այս տարի հասցնելով 7%-ի։ Սակայն տարեսկզբի տվյալները ցույց են տալիս, որ դեֆիցիտը մնում է բարձր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկում է պաշտպանական ծախսերը մեծացնել՝ հասցնելով ՀՆԱ-ի 5%-ին։ Ենթադրվում է, որ 3,5%-ը կուղղվի անմիջապես ռազմական ծախսերին, իսկ մնացած 1,5%-ը՝ պատերազմական ժամանակներում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար։

Նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը հաղթել է մայիսի 18-ին Ռումինիայում անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 53,60%-ը։ Նրա երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։