Մենք Կաթողիկոսին ռևանշիստ չենք համարում. Արար...

Ընդդիմությունը ընդիմանում է ու շարունակելու է ընդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Հայաստանում դուք բերե՞լ եք այդ եվրոպական դիտորդներին։ Բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանը, եթե ասում է, որ իրենց պիտի սահմանից հանեք, դուք առանց դա քննարկելու անգամ հանում եք:

Հիմա ես ուզում եմ, որպեսզի հստակ ու պարզ լինի, Դուք ստացել եք մի համաձայնագիր, որը արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները ու հայտարարում եք, որ փոխզիջումային փաստաթուղթ է, որը ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ մեր հանրությանը կբացատրեք, Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Այդ ի՞նչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։

Ես հիշեցնում եմ, որ դուք սկսել եք բանակցել այն կետից, երբ որ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում սահմանադրություն փոխելու, պահանջում է ՀՀ քաղաքացիներին։ Իսկ երաշխավորե՞լ եք, Ադրբեջանին ստիպել եք ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այնպես, այ նենց է ընդունել, որ եկել է երկու քառակուսի կիլոմետր զորքով զավթել է: Այ այդպես ճանաչել ու ընդունել է Ադրբեջանը ձեր բանակցությունների արդյունքում:

Երկրորդը, արդյո՞ք այդ պայմանավորված կետերում կա կետ, որով դուք Ադրբեջանի հետ, այսպես կոչված, ռևանշիզմի դեմ պայմանավորվել եք պայքարել: Երեկ փաստացի Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը պայմանավորվել են այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չիրականացնել։ Ես ուզում եմ հասկանալ, Ձեր համար, Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողություն է օրինակ, Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ ասում է, որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։

Ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռեվանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ: Այդ ո՞ր հայտարարություններն են, որոնք խաղաղության օրակարգի դեմ են ու դրանց դեմ պիտի պայքարեք»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ մի ժամ հետո այն հայտարարությունից, որ ամեն ինչ համաձայնացվել է, Ադրբեջանը երկու ևս նախապայմանի մասին է խոսում:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Ես ճիշտն ասած այդքան լսեցի, մի հատ հարց լսեցի, արդյո՞ք մենք կաթոլիկոսին ռեվաշինստ ենք համարում: Ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»: