Մենք ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերու...

Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություւները Ռուսաստանի հետ հայտարարությանը:

«Մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,-նշել է ԱԳ նախարարը։

Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ համար են նմանատիպ հայտարարությունները, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, Միրզոյանը պատասխանել է՝ 

«Չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, վստահ էլ չեմ: Շատ չեմ էլ հասցնում քարոզարշավի ընթացքում հետևել, բայց ենթադրում եմ՝ դուք էլ մասնագիտացած եք այդ ոլորտում, որ հարց եք տալիս, խելացի անձնավորություն եք, փորձեք ձեր ենթադրությունները անել»,-ասել է Արարատ Միրզոյանը՝ լրագրողին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Դմիտրի Մեդվեդևն ասել է, թե Փաշինյանին թվում է՝ տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով՝ կարող է Արևմուտքում իր համար կեղծ հեղինակություն վաստակել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը: Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ ԵԱՏՄ-ն: