Մենք համաձայն ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի ն...

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հունվարի 23-ին հայտարարել է, որ կիսում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի դիրքորոշումն այն մասին, որ հարկավոր է Արկտիկայում ուժեղացնել պաշտպանությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը»։

«Մենք համաձայն ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի ներգրավվածությունն Արկտիկայում։ Արկտիկայում պաշտպանությունն ու անվտանգությունը վերաբերում են ամբողջ դաշինքին», - հայտնել է նա սոցիալական ցանցերում։

Հունվարի 23-ին ավելի ուշ նա կմեկնի Գրենլանդիա՝ Դանիայի ինքնավար տարածք՝ հանդիպելու կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ։

Իր հերթին, Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հունվարի 23-ին ասել է, որ դանիացի և ամերիկացի դիվանագետները հունվարի 22-ին Վաշինգտոնում ընդունել են հետագա գործողությունների պլան։

Հունվարի 21-ին Դավոսի համաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրաժարվել է Եվրոպայի մի քանի երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու պլանից, քանի որ կարողացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համաձայնեցնել Գրենլանդիայի շուրջ հնարավոր համաձայնագրի հիմնական կետերը։ Նա խոստացել է ուժ չկիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Այս պլանի մանրամասների մասին դեռ պաշտոնապես չի հաղորդվել։