
Գնում ենք այն ճանապարհով, որ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ այդ գաղափարն է լինելու սոցիալական ծառայությունների հիմնական աշխատանքը, և դրա համար պետք է կրթական աշխատանքներ կատարել, այնուհետև անձին աշխատանքի նախնական փուլի տանել և հիմնական աշխատանքի անցումը։
Ըստ փաշինյանի՝ Սոցիալական ծառայությունը գնալու է այդ անձի հետ մինչև աշխատանքի տեղավորվելը։
«Մենք չպետք է հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում։ Համակարգի իմաստը պետք է լինի մարդուն աղքատության շեմից դուրս բերելը, կրթվելու և աշխատելու միջոցով»,-ասաց Փաշինյանը։
Մինչ այդ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին որոշումը։