«Այո, ես և Հակոբ Ասլանյանը հայտարարել ենք, որ չենք խոչընդոտի իմպիչմենտի գործընթացին։ Դա նշանակում է, որ եթե կգա մի հատ x պահ, որ միայն մեզնից կախված կլինի իմպիչմենտի իրականացման հարցը, կմիանանք առանց որևէ նախապայմանի, ակնկալիքի, սպասումների»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ իր և պարոն Ասլանյանի արժեհամակարգը գտնվում է էական հակասությունների մեջ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերների արժեհամակարգի հետ։
«Մենք ուղղակի կմիանանք, որ իմպիչմենտը, որը, կարծում ենք, ճիշտ է, տեղի ունենա։ Բայց մենք էլ ունենք մեր պատկերացումը, անհանգստությունը։ Չենք ուզում իմպիչմենտը դառնա իշխանափոխություն, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները նաև մեր օգնությամբ իշխանությունը վերցնեն ՔՊ-ից։ Դա արդեն ուրիշ իրավիճակ է, մեզ համար անընդունելի»,- ասաց Աղազարյանը։



