Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահր...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի շրջանակներում անդրադարձավ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքին:

«ՀՀ-ն Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը և սպասում ենք արձագանքների: Տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ և դա կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ: ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ուենցած դիրքեր»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ըստ էության միջազգային հանրությունը աջակցում է այս դիրքորոշմանը, և հույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ը նույնպես այս դիրքորոշումը կպաշտպանի:

«Իհարկե տարօինակ է իրավիճակը, որովհետև թվում էր, թե հակառակը պետք է լիներ՝ ՀԱՊԿ-ը հստակ պետք է պաշտպաներ և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակը ունենք: Հույս ունեմ, որ Երևանում սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովին այս կոնսենսուսը կարձանագրենք. սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է ՀՀ-ի համար: Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան  պատերազմ հրահրել, մենք ասում ենք ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի համար՝ մեզ համար կարևոր է: Ես կարծում եմ, ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»,- ասաց նա:

Ներկայացնելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ վարչապետն ասաց, որ նրանք ասում են, թե 2021 թվականի մայիսից էլ առաջ, կան տարածքներ, որոնք Հայաստանը օկուպացրել է, և իրենք կարծում են՝ Հայաստանն էլ պետք է դուրս գա այդ տարածքներից: «Մենք ասում ենք շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն՝ որտեղից որտեղ պետք է գնանք: Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա Հայաստանի համար շատ ընդունելի խոսակցություն կարող է լինել: Եթե, օրինակ, Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, ապա ինչ-որ տարածքային բաժանում կա, ասում ենք շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք քարտեզը, և դա կարող է լինել հետաքրքիր: Մենք դա չենք մերժում, քանի որ հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը օկուպացված է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս օկուպացված են:

Վարչապետը թյուրըմբռնումներից խուսափելու համար շեշտեց, որ խոսքը Հայաստանի Հանրապետության 29800 կիլոմետր տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին է և ոչ թե զիջելու:

Ինչ վերաբերում է դելիմիտացիային, նա ասաց, որ հույս ունեին և կար ըմբռնում և այսօր էլ այդպես են կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրության կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ: Նա նկատեց, որ հիմա ազդակներ կան, որ դրանք իրատեսական չեն:

Նա ասաց, որ Հայաստանը առաջարկել է Խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել:

Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա նա ասաց, որ այդ խոսակցության շահագրգիռ կողմը պետք է լինի հենց ԼՂ-ն: «Միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին»,-ասաց նա և նշեց, որ օրակարգից չեն հանելու այդ հարցը:

«Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց նա: