
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ավարտին ռուսական կողմը ստանալու է որոշակի տարածքներ, որոնք գրավել է։ Fox News-ին տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել պատերազմն առանց Ուկրաինայից նշանակալի տարածքներ վերցնելու, Թրամփն ասել է․
«Դե նա կվերցնի ինչ-որ բան։ Չէ որ նրանք կռվել են և հիմա մեծ տարածքներ ունեն։ Նա մեծ տարածքներ է գրավել»։
ԱՄՆ ղեկավարը նշել է նաև, որ չի պատրաստվում Ուկրաինային տրամադրել մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ՝ ասելով, որ չի կարող «վտանգի տակ դնել Միացյալ Նահանգները»։
«Ուկրաինան ինձ դիմել է Tomahawks հրթիռներ տրամադրելու հարցով, և ես հիմա դիտարկում եմ դա։ Այդ մասին ես խոսել եմ նաև Պուտինի հետ, և այնպես չէ, որ նա շատ ոգևորված էր այդ առնչությամբ։ Դա դաժան զենք է։ Սակայն մենք պետք է մի բան հիշենք։ Մենք չենք կարող մեր ամբողջ զենքը տալ Ուկրաինային։ Մենք պարզապես չենք կարող», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ևս ունեն այդ զենքերի կարիքը։