Դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում և խոստանում եմ, որ Ադրբեջանը առնվազն դրանից երջանիկ չի լինելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը։
Անդրադառնալով հայ–ադրբեջանական բանակցություններին և հարցին, թե կան հարցեր խաղաղության պայմանագրում, որոնց շուրջ կա կոնսենսուս, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս կա, բայց չեմ կարող բարձրաձայնել, կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են»։ Նա նշեց, որ երեք-չորս կետորում կա անհամաձայնություն։
Իսկ հարցին, թե որոնք են կարմիր գծերը, որոնք չեն անցնի, Ազգային ժողովի նախագահն ասաց․ «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Անդրադառնալով ընդդիմության հնարավոր ակտիվությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմության գործողությունները հիմնականում ուղղված են եղել սահմանին տեղի ունցող սրացումներին։ «Այսօր այդ բառապաշարը, կարծում եմ, որ արդեն սպառված է և նույն բառապաշարով փողոց դուրս գալը անիմաստ եմ համարում, աճող ցուցանիշների ժամանակ ևս՝ անիմաստ»,– ասաց նա։



