Մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել Սյունիքի հ...

Մենք ցանկանում ենք աջակցել Սյունիքին, եւ խոսքը ոչ միայն ճանապարհաշինարարական աշխատանքների, այլեւ կրթության ոլորտում համակարգի զարգացման մասին է։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին եւ ոստիկանության գործողություններին։

«Ես շատ եմ սիրում այս վայրը, եւ մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել Սյունիքի համար: Մենք ուզում ենք հաջողության հասնել, մենք դեռ բավական ժամանակ ունենք բոլոր ծրագրերը նորից քննարկելու ու իրականացնելու համար։

Մի քանի շաբաթ առաջ կին դեսպանների հետ այցելեցինք Սյունիք։ Նախորդ տարի ԵՄ երկրների բոլոր դեսպանները նույնպես այցելել էին Սյունիք, որպեսզի գնահատեին իրավիճակը։ Շատ կարեւոր է, որ այս ամենն ուղղված է մարդկանց աջակցությանը։ Քաղաքացիական հասարակությունը նույնպես պատրաստ է ներգրավվել ծրագրերի իրականացման մեջ»,- հավելեց դեսպանը։

Նա եւս մեկ անգամ հայտնեց հակասությունների լուծման գործում Հայաստանին աջակցելու ԵՄ-ի պատրաստակամությունը։

«Դա բխում է բոլորիս շահերից։ Մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել կողմերին, այդ թվում՝ փորձագիտական եւ այլ աջակցություն։ Բանակցությունները շարունակվում են»,- եզրափակեց Վիկտորինը: