Մենք բոլորս ուզում ենք, որ պատերազմն ավարտվի....

Ուկրաինայում ռազմական դրությունը կարող է վերացվել միայն իրական անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, որոնք անհնարին կդարձնեն Ռուսաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիան։ Ինչպես հաղորդում է РБК-ի ռուսական ծառայությունը, այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ պատերազմի ավարտը ավտոմատ կերպով կնշանակի ռազմական դրության ավարտ, սակայն առանց անվտանգության երաշխիքների Ուկրաինան չի կարող պատերազմն ավարտված համարել։

«Մենք բոլորս ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Եվ այդ ժամանակ ռազմական դրությունը կավարտվի։ Սակայն ռազմական դրությունը կավարտվի, երբ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիքներ», - ընդգծել է նախագահը։

Զելենսկին նշել է, որ անվտանգության երաշխիքները ենթադրում են ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլև գործնական մեխանիզմներին՝ գործընկերների կողմից մոնիթորինգ և նրանց իրական ներկայություն։

Խոսելով նախօրեին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ պատերազմի դադարեցման հետ կապված իրենց դիրքորոշումները համընկնում են։ «Խաղաղությունը չունի այլընտրանք։ Մենք ամերիկյան կողմի հետ կարծում ենք, որ մեր դիրքորոշումը մեկն է՝ պատերազմը պետք է ավարտել դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զելենսկին։

Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ 20 կետից բաղկացած ծրագրի մասին՝ նա ընդգծել է, որ այն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը՝ Ուկրաինայի ղեկավարը շեշտել է, որ իրենց համար սկզբունքային չէ հնարավոր հանդիպման կամ բանակցությունների ձևաչափը, սակայն առանցքային է, որ «Ռուսաստանի առաջնորդի խոսքն ու գործողությունները համընկնեն»։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է և անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։Այդուհանդերձ, Թրամփը նշել է, որ իրենք ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։