«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելով՝ առարկայից դուրս չի մնալու այն բովանդակությունը, որը կազմում է պատմության մասը, բովանդակությունը նույնն է ՝ անկախ անվանումներից, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ սա նոր հարց չէ, ակադեմիական որոշ շրջանակներ այս հարցին անդրադարձել են անկախությունից հետո, երբ առարկայի վերաիմաստավորման խնդիր են դրել: Երկրորդ անգամ հարցն ավելի լայն քննարկվել է, երբ հանրակրթության պետական նոր չափորոշիչն էր քննարկվում:
«Ես այս բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումն ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում ու ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը: Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից»,-նշեց Անդրեասյանը:
Նրա խոսքով` բոլոր երկրներում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է:
«Եվ առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղե՞լ է, թե՞ չի եղել»,-ասաց նա:



