
Դպրոցների, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, մենք լավագույն դեպքում ունենք 40-42%-անոց կատարում, և սա մի քանի տարիների պատկերն է, արդյո՞ք կառավարությունը համապատասխան վերլուծություն կատարել է, թե՝ ոչ՝ հասկանալու, վերլուծելու պատճառները: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ-ի ԿԳՄՍՆ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Նա հետաքրքրվեց՝ և երբ հարցը բարձրացնում են այսպես, ի՞նչ վերլուծություններ, եզրակացություններ է կատարում նախարարությունը կամ կառավարությունը, հենց այդ անկեղծության մասին է, որ տրվել են սուտ խոստումներ: «Ինչպե՞ս եք մեկ տարում այդքան դպրոցն ու պարտեզը կառուցելու»,- հարցրեց նա:
Ֆինանսների նախախարարը նշեց, որ պատգամավորի խոսքն ավելի շատ ելույթի էր նման քան հարցի: «Ուզում եմ այստեղ մի երկու բան ասեմ: Նախ, եթե բացարձակ թվով նայենք, ապա 2024 թվականին միայն այս մի ծրագրով հանրակրթական նախադպրոցական հաստատությունների հիմնում- կառուցում և բարելավում ծրագրով ծախսվել է 21,5 միլիարդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Նախորդ տարի ծախսվել էր 8 միլիարդ 397 միլիոն»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսինքն, ունեն էական տեմպերի արագացում, որը տոկոսով եթե հաշվի, կկազմի 357%։ «Դա միայն մի ծրագրով, որովհետև մենք ունենք նաև դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր, որտեղ այս ուղղությամբ ծախսվել է 14 միլիարդ դրամ, որը մոտավորապես երկու միլիարդով ավելի է, քան նախորդ տարիներին է դրա համար ծախսվել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տեմպին, նախարարը վստահեցրեց, որ 2026 թվականի կեսին կունենան այն 300 դպրոց և 500 մանկապարտեզը, որի մասին խոստացել է կառավարությունը: