Մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ և առաջ ենք գնալու։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները բացելուն։
«Երեկ էլ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ես ասեցի, որ Ադրբեջանում, Թուրքիայում այդպիսի ընկալում կա, որ Հայաստանը կարող է փորձի ձգձգել։ Ինչի՞ համար պետք է Հայաստանը փորձի ձգձգել, մենք ընդհակառակը, ուզում ենք րոպե առաջ այդ խնդիրը լուծվի, առանց չափազանցության րոպե առաջ, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից։
Էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապը: Ինչի՞ ենք մենք այս առաջարկը անում, որովհետև հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի: Ուզում ենք, որ համապատասխան քայլի դիմաց, մենք էլ մեր քայլը անենք։ Մի անգամ առաջարկել էինք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով արևմտյան Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև և հակառակ ուղղությամբ կապը ապահովել։ Մանավանդ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում, ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան։
Ընդ որում, ինչու ենք այս երթուղին առաջարկում, որովհետև ուրիշ երթուղի չկա, ուրիշ պատրաստ ճանապարհ չկա։ Ընդ որում, եթե հարմար դիտվի, նաև Իջևան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել։
Սա մենք առաջարկում ենք նախ խաղաղություն ամրապնդելու տրամաբանությամբ։ Այսօր մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, այնպես չլինի, որ մենք օգտվում ենք Ադրբեջանի երկաթուղուց և մտածում ենք, որ իրենք մեր ճանապարհներից պետք է չօգտվեն, ոչ, չենք մտածում, մտածում ենք, որ պետք է օգտվեն»,–ասաց նա։



