Մեկը լիներ այս ճգնաժամի համար պատեպատ տա նույ...

Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես որ ինքնորոշվել են Խորհրդային միության շատ-շատ հանրապետություններ, այնպես, ինչպես Ադրբեջանը: Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբևիցե կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման հետ: Պետք չէ խեղաթյուրել: Այդ պայքարը եղել է հայ ժողովրդինը, այդ պայքարը եղել է Արցախինը և հաղթանակից հետո, հաղթանակ, որը որ տարվել է ճգնաժամային պայմաններում և շրջափակման, և երկրաշարժի, և մեզ պարտադրված պատերազի, մենք կարողացել ենք հաղթել, այնուհետև բանակցություններն այդ ուղղությամբ շարունակել:

Ռեալ անկախությունը, Արցախի հետ միասին, եղել է  այն ժամանակ, ոչ թե պարտությունից հետո: Սա կառավարման խնդիր է: Ի դեպ կառավարման խնդիր է, երբ որ այստեղ՝ ելույթների ընթացքում, ԱԺ-ի ղեկավարությունն անընդհատ միջամտում է, տարբեր խոսքեր ասում, խանգարում:

Խրախուսում այն բոլոր ելույթները, որոնք իրենց մեջ պարունակում են վիրավորանքներ ընդդիմության նկատմամբ, անվայել խոսքեր ասել, ինչ է նշանակում օրինակ «մկան ծակ մտնել»,  ինչ է նշանակում «այստեղ լինեիք, տեսնեիք՝ վարչապետը ոնց է ձեզ պատեպատ տալու», մեկը լիներ այս ճգնաժամի համար «պատեպատ տա նույն վարչապետին»:

«Պատեպատ տալը» այն խոսքը չէ, բայց գալու է ժամանակը և այս բոլոր կատարված հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ, ովքեր քայլեր չեն ձեռնարկել, որ Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակական լինեն և հասնեն հաջողությունների»,-ասել է Օհանյանը: