Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգ...

“ՀԱԷԿ” ՓԲԸ և АО “Русатом Оверсиз” ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:

ՀԱԷԿ-ից հայտնում են, որ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացավ ս/թ հունիսի 23-ին` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում էր մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:

Քննարկումների ընթացքում դիտարկվեց ՋՋԷՌ տիպի 1000-1300ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրին միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:

Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծեցին հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի ու զգալի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում: