Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամն...

Հայաստանը կարևորում է բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:  Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձևաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար:

ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարևորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:

Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարևորությունը:

Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին: