Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի իրականությո...

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան տարբեր իրականություններում են ապրում։ 

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված երեկոյի և «Կարնեգի» հիմնադրամում Վաշինգթոնի առաջատար փարձագետների հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը կրկին խոսել է իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունից․«Որպես կին և որպես մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից: Եթե կանայք միավորվեն և ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին՝ անկախ նրանց ազգությունից, եթե ասեն՝ քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի: Կայուն խաղաղության հաստատման համար կարևորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարությունը, չէ որ ժողովրդավար պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ ևս Հայաստանն իր քայլը կատարել է»,-ասել է Աննա Հակոբյանը։

Իսկ ահա այս նույն ժամանակահատվածում Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ամուսնուց ոչ պակաս ռազմատենչ հայտարարություն է անում․«Այսպիսի զինվորների ու սպաների հետ անպայման վերադարձնելու ենք Ղարաբաղը։ Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,-իր երկրի զինվորականների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Իհարկե, խաղաղությունը լավ բան է, բայց անհասկանալի է, թե ում են խաղաղություն քարոզում ՀՀ վարչապետն ու իր կինը, երբ Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը ցանկացած առիթ օգտագործում են Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսելու համար։