
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հավատացյալների խոնարհումի համար դուրս է բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Պատարագիչը եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձն է հղել համայն հայությանը։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: