Մայիսի 1-ից զորակոչ և զորացրում կհայտարարվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

2. 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: