Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ, չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, որը Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում:
Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մոլդովական հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասկանալիորեն դարձան նաև հայկական քննարկումների թեմա։ Սակայն տպավորություն ունեմ, որ այդ դիսկուրսում կրկին գերակա են դարձել ոչ թե բուն հայկական աշտարակից դիտարկումները, այլ պարզապես գեոպոլիտիկ ճաշակով թելադրված կլիշեները։ Հայաստանի արևմտամետները տանում են Euronews-ի և CNN-ի գիծը, իսկ ռուսամետները Սոլովյով-Կիսելյով գաղափարաքարոզչական շրջանակներում են:
Փորձենք հասկանալ՝ բուն հայկական օրակարգից ելնելով՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել Մոլդովայի զարգացումներից։
1. Նախ պիտի շեշտել, որ Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ և ոչ մի պարագայում։ Նրան անձամբ եմ ճանաչում դեռևս ԿԳ նախարար եղած ժամանակներից, իսկ հետո՝ ԵԺԿ-ում համատեղ աշխատանքի ընթացքում։ Մայան չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, ով ունի «իզմ»-եր, թաթախված չէ կոռուպցիոն սկանդալների մեջ և Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում։ Նիկոլի հետ չունի և ոչ մի կերպարային կամ մարդկային նմանություն։
2. Ի տարբերություն Հայաստանի, որին Փաշինյանը 2018-ից հետզհետե ներքաշեց գեոպոլիտիկ պայքարի մեջ՝ որպես հերթական թատերաբեմ, Մոլդովան այդպիսին էր դեռևս վաղ 90-ականներից և նման կարգավիճակում գործելու ոչ միշտ դրական, բայց փորձ և «ավանդույթներ» ունի։
3. Եվրոինտեգրման տեսլականով բոլոր հետխորհրդային պետություններից Մոլդովան ամենառեալ շանսերն ունի այդ ճանապարհը մինչև վերջ անցնելու՝ շնորհիվ ավելի կոմպակտ չափերի, Ռումինիայի լոբբինգի և աշխարհագրական դիրքի։ Թեև Մոլդովային ցուցաբերած եվրոպական օգնությունը, ի տարբերություն Հայաստանի, ռեալ է և շոշափելի՝ թե ֆինանսական, թե քաղաքական առումով, բայց, միևնույն է, երկրի բուն բնակչությունը դեմ քվեարկեց հանրաքվեին։
4. Մոլդովան դեռևս 2013-ին, ինչպես Վրաստանը, ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 2014-ից ստացավ առանց վիզաների ռեժիմ։ Այդքանով հանդերձ, եվրոհանրաքվեի արդյունքները հիասթափեցնող էին նույնիսկ արևմտյան կենտրոնների համար։
5. Լինելով Ռուսաստան-Արևմուտք բախման կետերից մեկը և ունենալով Մերձդնեստրի կոնֆլիկտը, Սանդուն, ի տարբերություն Նիկոլի, չի հայտարարել՝ «Մերձդնեստրը տանք, հանգիստ ապրենք», և սկզբունքային կերպով այդ հարցում առաջ է մղել սեփական շահերը։ Չի ասել, որ այդ հարցը «պարան է Մոլդովայի վզին», որ «խանգարում է ինքնիշխանությանը»։ Մոլդովան չի հրաժարվել իր տարածքներից, թեպետ հասկանում է, որ այդ խնդիրների առկայությունը մի կողմից լծակ է Մոսկվայի համար, մյուս կողմից՝ խանգարում է երկրին ավելի արագ ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ։
6. Մոլդովայի եվրոինտեգրման «քավորը» Ռումինիան է, և այդ ճանապարհն իրատեսական է թե աշխարհագրական, թե քաղաքակրթական առումով։ Ի տարբերություն Հայաստանի, ում նիկոլենք համոզում են թեքվել դեպի Բրյուսել, բայց իրականում հանձնում են Էրդողանին։
7. Նիկոլը պարբերաբար «Մոսկվայի ձեռքն» է տեսնում ամենուրեք և ամեն ինչում՝ փորձելով կապել ներքաղաքական ընդվզումները Կրեմլի հետ։ Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ երբ Մոսկվան իրոք շահագրգռված է լինում ներքաղաքական զարգացումներում, նա բավականին էֆեկտիվ և բազմաճակատ գործում է։ Այս հանգամանքը, ի դեպ, վերաբերում է թե «ընդդիմությունը ռուսամետ է», թե «Մոսկվան Նիկոլին չի պահում» թեզերի ջատագովներին։
8. Մոլդովայի ամենամեծ պրոբլեմն իրականում ոչ թե այս կամ այն թևի հաղթանակն է, այլ բևեռացված հասարակություն և պառակտված պետություն լինելու հանգամանքն է։ Այս նույն հիվանդությունը 2018-ից բերվեց նաև Հայաստան և դարձավ խրոնիկ ու խորացավ։
Արևելյան գործընկերության տարածքում բոլոր երկրների հետագծերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը միակ ճիշտ ճանապարհն էր, որ թույլ էր տալիս մեզ մի կողմից՝ պաշտպանել մեր ազգային շահերը, մյուս կողմից՝ չարժանանալ տարածքային կորուստներ ունեցող երկրների ճակատագրին կամ չնմանվել Լուկաշենկո-Ալիև զույգին։
Իսկ Փաշինյանի խաղերի արդյունքում Հայաստանը և՛ կորցրեց մեր Հայրենիքի հատվածներ, և՛ սրընթաց կերպով բռնապետանում է։ Հիրավի, աննախադեպ «և-և» է…»,-գրել է նա: