
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, Ադրբեջանում է:
Մատվիենկոյի այցը Բաքու սկսվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցության վերաբերյալ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի համազգային առաջնորդի՝ Հեյդար Ալիևի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու հարցին։
«Այդ կապակցությամբ կարևորվել է վերջերս Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող այգում»,- ավելացրել է մամուլի ծառայությունը։
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայնման թեմաները: